Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը ներկայացրել է պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը

11.01.2022
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը ներկայացրել է պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը

Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների (17 հազար 100 անձանց)՝ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները:

Այս մասին հայտնել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:

«Զոհված և անհայտ կորած անձանց վարկային պարտավորությունների ներում է իրականացվել՝ 2400 անձանց մասով՝ 1 մլրդ 948 մլն դրամի չափով: Զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 631 մլն դրամ, պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով՝ 230 մլն դրամ: Բոլորը միասին շուրջ 2.8 մլրդ դրամ, որից 2 մլրդ 252 միլիոնը ներվել է բանկերի, 557 մլն դրամը՝ վարկային կազմակերպությունների կողմից»,-նշել է Սեյրան Սարգսյանը:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ հետագա հարցերին և խնդիրներին արագ արձագանքելու և լուծումներ տալու նպատակով:

 

Լուսանկարը՝ armenpress.am-ի