Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ռեեստրում ներառվող տեղեկատվությունը շարունակելու է համարվել բանկային գաղտնիք

12.05.2021
Ռեեստրում  ներառվող տեղեկատվությունը շարունակելու է համարվել բանկային գաղտնիք

Ի պատասխան բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման նախագծի վերաբերյալ լրատվամիջոցներից ստացված հարցումներին և հանրության շրջանում վերջինիս ներդրման վերաբերյալ հնչող գնահատականներին` հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել մի շարք փաստերի վրա:

  Նախագծի և առանձին դրույթների վերաբերյալ կայացել են մի շարք հանդիպում-քննարկումներ ՀԲՄ, առևտրային բանկերի և ՀՀ ԿԲ մասնակցությամբ։ Թեև ՀԲՄ կողմից ի սկզբանե առաջարկվել է ձեռնպահ մնալ ռեեստրի ներդրման առաջարկից, սակայն համատեղ քննարկումների արդյունքում որոշ հստակեցումներից հետո, ԱԺ նիստերի օրակարգ ներկայացվել է փոխզիջումային տարբերակ:

  Ներկայում իրավապահ մարմինները դատարանից ստանալով կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման թույլտվություն՝ հարցում են կատարում ՀՀ-ում գործող բոլոր բանկերին: Ռեեստրի ստեղծումից հետո այս գործընթացն իրականացվելու է հասցեական հարցումների միջոցով, ինչը նպատակն ունի նպաստելու ժամանակի խնայողությանը և նվազեցնելու է տեղեկությունների հնարավոր արտահոսքի ռիսկերը: Մասնավորապես, իրավապահ մարմինը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանից ստանալով կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման թույլտվություն, կատարելու է հասցեական հարցումներ միայն այն բանկերին, որտեղ անձը ունի կամ ունեցել է բանկային հաշիվներ/պահատուփեր:

  Նախագծով սահմանվել են ռեեստրում ներառվող տեղեկությունները, որոնք են .

  • ա) բանկի հաշվետեր և/կամ բանկային պահատուփ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
  • բ) ա) կետում նշված անձանց լիազորված անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները,
  • գ) հաշվեհամարը,
  • դ) բանկի վերաբերյալ տեղեկություններ,
  • ե) հաշվի, ինչպես նաև պահատուփի բացման և փակման ամսաթիվը:

  Այսինքն, նախագծի ընդունման դեպքում ռեեստրի ստեղծման հանգամանքը չպետք է բացասական ազդեցություն ունենա, քանի որ ռեեստրում չի հավաքագրվելու և չի պահվելու բանկային հաշիվների մնացորդի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն, այլ ներառելու է բացառապես հաշվի կամ պահատուփի առկայության մասին տեղեկություններ: 

  Բացի այդ, ռեեստրում  ներառվող տեղեկատվությունը շարունակելու է համարվել բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն: Ռեեստրից տեղեկությունների ստացման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը նույնն է, ինչ բանկային գաղտնիք կազմող տեղեկություների ստացման իրավասություն ունեցող մարմինների ցանկը:

 

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն