Հայաստանի Բանկերի Միություն
Համագործակցության նոր հեռանկարներ․ ՀԲՄ-ն և ՀՌՀ-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Նպատակ ունենալով նպաստել ֆինանսաբանկային ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստմանն ու մի շարք ուղղություններով համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ Հայաստանի բանկերի միությունը համագործակցության հուշագիր է կնքել Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) հետ:
Փաստաթուղթը, որը թույլ կտա իրականացնել կրթական և հետազոտական լուրջ նախաձեռնություններ, ստորագրել են ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է կադրերի որակավորման բարձրացման խնդրին, ֆինանսական գրագիտության և ֆինանսաբանկային ոլորտի հիմնահարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը։
«Բացի կրթական բաղադրիչից մեր նպատակն է ակտիվացնել և խթանել գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Այս տեսանկյունից կարևորում ենք օբյեկտիվ և անաչառ հետազոտությունների անցկացումը և դրանց արդյունքները հանրության մատչելի ձևով ներկայացնելը, ինչը կարծում ենք հնարավոր կդառնա համալսարանի հետ համագործակցության շնորհիվ։ Ակնկալում ենք նաև, որ համատեղ կփորձենք բացահայտել գիտական և վերլուծական հստակ թեմաների պահանջարկը և դրանց ուսումնասիրման անհրաժեշտությունը»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
ՀՌՀ Ռեկտոր Արմեն Դարբինյանի փոխանցմամբ՝ ներկայացված բոլոր առաջարկները, անշուշտ, հետաքրքիր են ՀՌՀ-ի համար, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է ստանալ ցանկալի արդյունք։
Իր հերթին, ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանն ընդգծել է, որ ամբողջ թիմը պատրաստ է համագործակցությանը:
Հուշագրի համաձայն՝ կողմերը կկազմակերպեն և կիրականացնեն նաև համատեղ բաց դասեր, սեմինարներ, մասնագիտական քննարկումներ, հետազոտական նախագծեր, ինչպես նաեւ հրատարակել ուսումնամեթոդական նյութեր։



Նմանատիպ նորություններ
Նպատակ ունենալով խթանել Հայաստանում կայուն ֆինանսների զարգացումը, ինչպես նաև պատասխանատու բանկային գործունեության միջազգայնորեն ընդունված հիմնարար մոտեցումների ներդրումը՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի (Sustainable Banking and Finance Network/SBFN) անդամ: