Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Բանկային աշխատողի օրը՝ պատանի տաղանդների ընկերակցությամբ

23.11.2022
Բանկային աշխատողի օրը՝ պատանի տաղանդների ընկերակցությամբ

  Բանկային աշխատողի օրվա առթիվ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացավ դասական երաժշտության տոնական համերգը։ Համերգին ելույթ ունեցան «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Տալենտում կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուները։ Պատանի տաղանդների կատարմամբ հնչեցին հայ և օտարազգի համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ գունեղ երանգ հաղորդելով համերգային երեկոյին։

  Ներկաներին ուղղված ՀԲՄ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված էր․ «Այսօր հպարտությամբ ենք նշում, որ տասնամյակներ շարունակ դիմակայելով ներքին և արտաքին գործոններով պայմանավորված փորձություններին՝ բանկային համակարգը բազմիցս է ապացուցել, որ կայացած է, մրցունակ, հուսալի ու վստահելի։ Այս ամենի կողքին հպարտորեն նաև փաստում ենք, որ տարիների կայացման ու զարգացման ճանապարհը բանկերին հաջողվել է անցնել իրենց աշխատողների մասնագիտական բարձր որակների և ամենօրյա եռանդուն ու նվիրված աշխատանքի շնորհիվ։ Շնորհավորելով բանկային համակարգի աշխատողիներին՝ մաղթում ենք քաջառողջություն, մասնագիտական     ձեռքբերումներ և արդյունավետ աշխատանքային գործունեություն»:

  «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի փոխանցմամբ` տոնական համերգային ծրագիրը յուրօրինակ նվեր էր բանկային համակարգի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ։

  «Տալենտում ծրագրի բոլոր կրթաթոշակառուների և անձամբ իմ անունից շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ Բանկային աշխատողի օրվա առթիվ, և ցանկանում նշել, որ Հայաստանի բանկերի միության և բանկերի հետ ձեռք բերված համագործակցության շնորհիվ է հնարավոր դառնում շարունակել Հայաստանի պատանի տաղանդների համար այդքան կարևոր կրթական և զարգացման Talentum ծրագիրը: Լիահույս եմ, որ բանկային համակարգի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի և կունենա արդյունավետ շարունակություն: Իսկ դա հնարավորություն կընձեռի Talentum կրթական և զարգացման ծրագրին ընդգրկել ավելի շատ տաղանդավոր պատանիների՝ ի նպաստ վաղվա Հայաստանի մշակութային զարգացման»,- նշում է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։

  Տոնական երեկոյի ավարտին Հայաստանի բանկերի միությանը հանձնվեց շնորհակալագիր՝ ի նշան «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի և առևտրային բանկերի հետ հաստատված համագործակցության։

Տեսանյութ