Union of Banks of Armenia
ՀԲՄ նախագահը մասնակցել է ԵՊՀ միջազգային գիտաժողովին

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ներկա է գտնվել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ-ում մեկնարկած «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովին։
Եռօրյա գիտաժողովը նպատակ ունի խթանել ակադեմիական և միջազգային համագործակցությունը՝ նորարարական հետազոտությունների ու գաղափարների փոխանակման միջոցով։
Դանիել Ազատյանը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ղեկավարությանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ արագ փոխվող միջավայրում ամենաթանկ ռեսուրսը մշտապես զարգացող մարդկային կապիտալն է։
«Շարունակական կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումները Հայաստանի բանկերի միության համար հանդիսանում են ռազմավարական հենասյուն։ Մեր բանկային համակարգի հաջողությունը ձևավորում են բանիմաց, պատասխանատու և լայն մտահորիզոն ունեցող մասնագետները։ Այս համոզմամբ մենք շարունակաբար ներդրումներ ենք կատարում առաջատար կրթական հաստատությունների՝ այդ թվում նաև Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության խորացման գործում», — նշել է Դանիել Ազատյանը։
Գիտաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը Հայաստանի բանկերի միությանը հանձնել է շնորհակալագիր։










