Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

ՀԲՄ նախագահը մասնակցել է «Հայաստան․ խթանելով տարածաշրջանային հաջողությունը» խորագրով գործարար համաժողովին

10.07.2025
ՀԲՄ նախագահը մասնակցել է «Հայաստան․ խթանելով տարածաշրջանային հաջողությունը» խորագրով գործարար համաժողովին

Երևանում հյուրընկալված Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (BSTDB) Կառավարիչների խորհրդի 27-րդ տարեկան նիստի շրջանակներում այսօր կայացավ «Հայաստան․ խթանելով տարածաշրջանային հաջողությունը» խորագրով գործարար համաժողովը։

Քննարկումների հիմնական թեմաներն էին՝ գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում փոքր և միջին բիզնեսների դիմակայունության բարձրացումը, տնտեսական աճի խթանումը, միջսահմանային համագործակցության ընդլայնումը, ֆինանսական ինտեգրումը և ներդրումային նախաձեռնությունների զարգացումը։

Համաժողովի կարևոր մաս էին կազմում նաև պանելային քննարկումները։

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի մասնակցությամբ կայացած «Գործընկերություն Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ․ տեսակետներ և փորձառություն» թեմայով քննարկումն ուղղված էր ՍԱԶԲ հետ համագործակցող պետական և մասնավոր հատվածների փորձի և տեսակետների փոխանակմանը։

Իր խոսքում Դանիել Ազատյանը մասնավորապես ներկայացրեց հայկական բանկային ոլորտի համագործակցության փորձը Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի հետ։

«Հայկական բանկերի համար Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկը պարզապես ֆինանսավորող չէ, այլ՝ վստահելի գործընկեր։ Մեր երկկողմ գործընկերությունը դարձել է տնտեսական աճի, տարածաշրջանային ինտեգրման և ֆինանսական կայունության կարեւոր խթան։ Բանկի միջոցով տրամադրված մատչելի և երկարաժամկետ ֆինանսավորումը կարևոր դեր է խաղացել արտադրության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և ՓՄՁ-ների զարգացման գործում։ Վերջինիս ծրագրերը թույլ են տվել հայկական բանկերին դուրս գալ նոր շուկաներ, ներդնել միջազգային չափանիշներ և բարելավել կառավարման համակարգերը։ Բանկը խթանել է ESG սկզբունքների ներդրումը, նպաստելով կայուն և պատասխանատու բանկային միջավայրի ձևավորմանը»,-նշել է ՀԲՄ նախագահը՝ ընդգծելով բանկերի ակտիվ դերն ու պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ՝ նպաստելով տարածաշրջանային տնտեսական կայունության և աճի բարձրացմանը։