Union of Banks of Armenia
«Հայաստանի Բանկերի Միության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով դրվեց փոխշահավետ համագործակցության նոր սկիզբ». ՀԲՄ գործադիր տնօրեն

Բանկային համակարգի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղ աշխատանքային հանդիպում-քննարկումների և ձեռք բերված պայմանավորվածություների արդյուքում՝ Հայաստանի Բանկերի Միության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրվեց համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրման արարողությանը մասնակցեցին ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը, գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, տեղակալներ Լևոն Բալյանը, Արամ Կարախանյանը, Արթուր Վարդանյանը:
Հուշագրի նպատակն է հանդես գալ կատարողական վարույթին առնչվող խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններով:
«Բանկերը բավականին մեծ փոխգործակցության դաշտ ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ և վստահ եմ, այսօր կնքված հուշագիրն ավելի արդյունավետ կդարձնի մեր հետագա համագործակցությունը: Հուշագիրը կողմերի համար ստեղծում է հարթակ, որն այսուհետ հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով քննարկել և լուծումներ տալ օրենսդրության դրույթների կիրարկմանը, տեխնոլոգիական նորագույն լուծումների ներդրման միջոցով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակմանն ու հետագա համագործակցությանն առնչվող հարցերին»,-նշել է ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը:
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի փոխանցմամբ՝ ստորագրված հուշագրի շրջանակներում էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով կստեղծվեն նախադրյալներ, որոնց կիրառման արդյունքում Ծառայության գործունեությունը հանրության համար կդառնա առավել թափանցիկ և ըմբռնելի։
«Համատեղ այս նախաձեռնությունը կարևոր ձեռքբերում է Ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև համագործակցությունը նոր փուլ տեղափոխելու առումով։ Վստահ եմ՝ Հուշագրում ամրագրված դրույթների ուղղությամբ մեր համագործակցությունը շոշափելի կլինի արդեն մոտ ապագայում», - նշել է Սերգեյ Մեղրյանը:
Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել կատարողական վարույթների որոնման ժամանակակից համակարգ, ինչը հնարավորություն կտա արագ, առցանց եղանակով ստանալ տեղեկատվություն հարուցված կատարողական վարույթների և դրանց ընթացքի վերաբերյալ:
«Այսօր ստորագրված փաստաթղթով մեր կառույցների միջև դրվեց փոխշահավետ համագործակցության նոր սկիզբ: ՀՀ առևտրային բանկերն՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցել մի նախաձեռնության, որի նպատակն է ստեղծել ՀՀ-ում գործող առևտրային բանկերի և նրանց հաճախորդների շահերի և անձնական տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ, ապահովել առևտրային բանկերի մասնակցությամբ կատարողական վարույթների թափանցիկությունը և նպաստել վարույթների արդյունավետության և Ծառայության հաշվետվողականության բարձրացմանը»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Փոխըմբռնման հուշագրի նպատակներից ելնելով՝ հանդիպման շրջանակներում ստորագրվեց նաև պայմանագիր՝ ՀԲՄ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ժամանակակից ավտոմատացված ծրագրային համակարգը ստեղծող մասնագիտացված կառույցի միջև:
Ծրագրի իրականացման և մատուցված ծառայությունների ձեռքբերման համար ՀԲՄ կտրամադրի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն




Related news
With the aim of promoting sustainable finance, as well as the integration of the internationally accepted fundamental approaches of responsible banking in Armenia, the Union of Banks of Armenia has become a member of the International Finance Corporation Sustainable Banking and Finance Network (SBFN).