Հայաստանի Բանկերի Միություն
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Սյունիքի մարզում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր կայացավ Հայաստանի բանկերի միության կողմից նախաձեռնված «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովը։
Համաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, ներկայացուցիցներ մարզի համայնքներից, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և առևտրային բանկերի ղեկավար կազմն ու աշխատակազմի ներկայացուցիչները։
Միջոցառման մեկնարկը տրվեց Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում՝ «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով՝ ստեղծելով հարթակ Սյունիքի մարզի ձեռնարկատերերի ու բնակիչների համար՝ հանդիպելու բանկերի ներկայացուցիչների հետ, ներկայացնելու իրենց բիզնես գաղափարներն ու ծանոթանալու ֆինանսավորման ծրագրերին և հնարավորություններին։
Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ընդգծեց, որ ՀԲՄ նախաձեռնությամբ պարբերաբար անցկացվող մարզային համաժողովների նպատակն է նպաստել պետություն-մասնավոր հատված և բանկային համակարգ երկխոսության մշակույթի զարգացմանը։
«Ունենալով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, բնահումքային հարուստ պաշարներ և արտադրական մեծ ներուժ՝ Սյունքի մարզն, այնուամենայնիվ, ունի զարգացման չբացահայտված պոտենցիալ։ Այս տեսանկյունից Սյունիքում բանկային համակարգի ակտիվությունը կարող է էական ազդեցություն ունենալ մարզի տնտեսական և սոցիալական զարգացման վրա։ Մեր նախաձեռնության նպատակն է ամրապնդել բիզնեսի և բանկային համակարգի փոխգործակցությունը՝ լսելով գործարարների կարիքներն ու առաջարկները, ներկայացնելով հաջողված փորձը և խթանելով ֆինանսական հասանելիությունը՝ մարզերում ձևավորելով կայուն ու մրցունակ բիզնես միջավայր»,-ընդգծել է ՀԲՄ նախագահը։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանային բիզնես միջավայրի զարգացումը հնարավոր է դառնում այն դեպքում, երբ ֆինանսական համակարգը մոտ է համայնքներին, գնահատում է տեղական պահանջներն ու աջակցում նոր գաղափարներին։
«Սյունիքի մարզի առանձնահատկությունը նրա բազմաշերտ տնտեսությունն է՝ հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն, զբոսաշրջությունից մինչև նորարարական ձեռնարկություններ: Այս բազմազանությունը ստեղծում է անսահման հնարավորություններ։ Եվ հենց այստեղ բանկային համակարգը կարող է դառնալ այն կամուրջը, որը միացնում է գաղափարը՝ ֆինանսավորմանը, իսկ նախաձեռնությունը՝ իրականացմանը»,-նշել է ԿԲ նախագահը։
Էքսպոյին հաջորդած համաժողովի պանելային քննարկումների ընթացքում քննարկվեցին Սյունիքի մարզի բիզնես միջավայրի առանձնահատկությունները և հնարավորությունները, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերի դերը բիզնեսի զարգացման գործում։
Համաժողովի և պանելային քննարկումների մանրամասները՝ տեսանյութերում։






























