Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին

23.11.2020
Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին

  Նոյեմբերի 22-ին Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն էր: Այս կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր քաջարի մարտիկներին, ովքեր անմնացորդ նվիրվածությամբ ու անկոտրում հաստատակամությամբ պայքարեցին հանուն հայրենի հողի ու վաղվա օրվա:

  Հայաստանում նոյեմբերի 22-ը նշվում է նաև որպես բանկային աշխատողի օր: Ստեղծված պայմաններում Միության գնահատանքի և երախտիքի խոսքն ուղղված է նաև համակարգի աշխատակիցներին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում ու թիկունքում միացան համազգային պայքարին:

  Հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել և զորահավաքային շրջանակներում առաջնագիծ են մեկնել առևտրային բանկերի 412 աշխատակիցներ: Ցավոք, նրանց շարքերում ունենք նաև զոհեր ու վիրավորներ:

  Համակարգն ու աշխատակիցները թիկունքում ևս արել են հնարավորը՝ առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար:

  Միանալով հայրենիքում և աշխարհասփյուռ հայության կողմից նախաձեռնվող և Արցախին ուղղված ծրագրերին՝ տարբեր ուղղություններով ցուցաբերվել է նաև ֆինանսական և հումանիտար աջակցություն: Մասնավորապես՝ դրամական փոխանցումներ են կատարվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Բանկերի և համակարգի աշխատակիցների ջանքերով համակարգված աշխատանք է տարվել պարեն, հագուստ, դեղորայք, առաջնային անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու և առաջնագիծ հասցնելու, ինչպես նաև Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով:

  ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, առևտրային բանկերի կողմից նախեձեռնվեցին նաև հաճախորդների աջակցության ծրագրեր՝ վարկի մարման ժամկետի հետաձգումից մինչև վարկերի մասնակի կամ ամբողջական ներումներ:

  Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:

 

  ՀՀ կառավարության որոշմամբ 2003թ.-ից նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օրՕրվա ընտրությունը պատահական չէ. 1993թ.-ի այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց  հայկական դրամը: