Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

01.12.2020
Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

  Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը:

  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝

 

  • Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն   դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն:
  • Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7   միլիոն   դրամ՝ նախկին 5   միլիոն   դրամի փոխարեն:
  • Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:
  • Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

 

  Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:

  Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:

 

  Ծանոթագրություն.

  Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ: Եթե ունեք ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա դրանք երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

  Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։