Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի հարցազրույցը 168.am կայքին

29.07.2019
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի հարցազրույցը 168.am կայքին

«Վարկային տոկոսադրույքներն իրականում ցածր են նրանից, ինչ պետք է լինի». Սեյրան Սարգսյան

– Պարոն Սարգսյան, այսօր բանկերի իրացվելիությունն ինչքա՞ն է, ի՞նչ խնդիրներ կան, իշխանափոխությունից հետո ինչպե՞ս է փոխվել իրավիճակը:

– Բանկային համակարգի իրացվելիությունը բավականին բարձր է վերջին մի քանի տարիներին: Կանոնադրական կապիտալի պահանջի չափը բարձրացնելու արդյունքում մենք մեծ քանակությամբ միջոցների ներհոսք ունեցանք բանկային համակարգ, և այդ միջոցները դեռևս ամբողջությամբ չեն տեղաբաշխվել շուկայում, նաև մեր լիկվիդայնության ցուցանիշները բավականին բարձր են: Եվ մեր առաջնային խնդիրներից է բանկերի տիրապետության տակ գտնվող այդ ազատ միջոցները հնարավորինս արագ և արդյունավետ տեղաբաշխել շուկայում:

– Տնտեսագետները պարբերաբար նշում էին, որ ժողովրդի մոտ շատ ավելի խնայողություններ կան, պետք է մարդկանց վստահությունը բարձրացնել, և արտաքին ներդրողներ փնտրելու փոխարեն, առաջին հերթին՝ ներքին ռեսուրսներն օգտագործել:

– Եթե դիտարկում ենք 10 տարիների կտրվածքով կամ ավելի, ապա մեր բնակչության խնայողությունները բանկային համակարգում բավականին կայուն աստիճանական աճ է գրանցում: Դա նշանակում է. առաջին՝ այո, վստահությունը բարձրացել է, երկրորդ՝ բանկերն է՛լ ավելի ամուր և հզոր են դարձել: Այսինքն՝ նույն լիկվիդայնության բարձրացումը նշանակում է, որ իրենք ավելի դիմակայուն են ցանկացած մարտահրավերի, որ կարող է առաջանալ մեր երկրում կամ  ընդհանրապես աշխարհում: Համակարգի հանդեպ այդ վստահությունը մեր բնակչությանը հնարավորություն է տալիս էլ ավելի միջոցներ հանգիստ պահել բանկերում և, իհարկե, ոչ պակաս կարևոր է՝ այդ միջոցների դիմաց աշխարհում համադրության մեջ բավականին բարձր եկամուտներ ստանալ, օրինակ՝ դրամական միջոցների դեպքում 9-10.5%:

 – Իսկ այս 1 տարվա կտրվածքով ի՞նչ փոփոխություն կա:

 

– Անցած տարի ապրիլ-մայիսյան զարգացումներից հետո արտահոսք էր նկատվել, բայց անմիջապես հաջորդ եռամսյակի ընթացքում բանկային համակարգից դուրս եկած միջոցները վերադարձան, նույնիսկ ավելի շատ, քան արտահոսել էին: 2018-ի տվյալներով՝ բանկերում պահվող խնայողական միջոցների աճ արձանագրվեց:

– Գնահատականներ կա՞ն, թե քաղաքացիների խնայողությունների ո՞ր մասն է բանկերում պահվում, կամ մարդկանց ո՞ր մասն է ավելի անվտանգ համարում սեփական ներքնակի տակ գումար պահելը:

– Այդպիսի գնահատական ես չունեմ, դա շատ դժվար է, որովհետև շատ ցուցանիշներ պետք է հաշվի առնել: Ճիշտ է, վերջին տարիներին նկատվում է, որ ստվերն էականորեն նվազել է, բայց ամեն դեպքում դժվար է գնահատել, թե ստվերային տնտեսությունում կամ բնակչության մոտ որքան միջոցներ կան, բայց այն, որ բանկերում միջոցների ներհոսք կա, դա փաստում են թվերը:

– Տնտեսության կողմից միջոցների կլանումն այսօր ինչքանո՞վ է իրական, եթե հիշենք, որ տարիներ առաջ մի խնդիր բացահայտվեց, որ մի վարկը փակելու համար մարդիկ այլ վարկ էին վերցրել, և վարկավորման ծավալն իրականում այդպես մեխանիկորեն էր ավելացել:

– Չեմ կարծում, որ նման դեպքերն էական ազդեցություն ունեն ամբողջ պորտֆելի վրա: Ինչո՞ւ: Որովհետև բանկերը հասկանում են, որ, եթե վերաֆինանսավորումը հիմնավորված չի կատարվում, այսինքն՝ արդյունքն այն չէ, որ հաճախորդին նոր միջոցներ են պետք բիզնեսն ընդլայնելու, շրջանառությունը մեծացնելու համար, ապա դա նշանակում է՝ խնդիրը մեծացնել, և բանկերը նման դեպքերից խուսափում են: Չեմ կարծում, որ դա խնդիր է բանկային համակարգի առաջ: Եթե նույնիսկ այդ դեպքերը համարենք խնդրահարույց, ապա, միևնույն է՝ խնդրահարույց վարկերի ծավալը պորտֆելում կառավարելի է, և շատ համադրելի տնտեսությունների հետ համեմատած՝ մեր խնդրահարույց վարկերի պորտֆելն էականորեն ցածր է:

– Եթե իրացվելիությունը բարձր է, արդյո՞ք դա նշանակում է, որ տնտեսության զարգացման հիմքեր կան:

– Ես կձևակերպեի այլ կերպ՝ բանկային համակարգը պատրաստ է տնտեսվարողների շատ ծրագրեր ֆինանսավորելու, աջակցելու, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Այսինքն՝ այդ պոտենցիալը բանկային համակարգում առկա է, և գնդակը գործարարների դաշտում է:

– Գործարարներն էլ բողոքում են բարձր տոկոսներից, բանկիրներն իրենց հերթին՝ վարկային տոկոսները կապում են ավանդների տոկոսների հետ: Այս դիլեման լուծում ունի՞:

– Իրականում այդտեղ դիլեմա չկա, բանկային համակարգում տոկոսադրույքներն այսօր  հիմնավորված են, որն ամենակարևորն է: Ավելին՝ մասնագիտական հանրության մոտ կարծիք կա, որ այդ տոկոսադրույքներն իրականում ցածր են նրանից, ինչ պետք է լինի:

– Բայց, միևնույն է, բիզնեսի համար տոկոսադրույքները բարձր են:

– Բարձր ու ցածրը սուբյեկտիվ գնահատական է: Մեկի համար նույն ապրանքի գինը բարձր է, մյուսի համար՝ ցածր: Խնդիր է չհիմնավորված բարձր գինը: Այս դեպքում, ես կարծում եմ, որ տոկոսադրույքների ձևավորման մեխանիզմը շատ թափանցիկ, տեսանելի է և ներկայացվում է հանրությանը: Դրանք միանշանակ այսօրվա մեր առկա իրավիճակին համապատասխան տոկոսադրույքներ են, նույնիսկ մի փոքր էլ ցածր են: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ վերջին տարիներին՝ 2014 թ.-ից հետո, տոկոսադրույքները 4-5% նվազել են: Սա ևս ձեռքբերում է, և այդ  միտումը պահպանվում է:

Գայանե Խաչատրյան

www.168.am